ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Եթե կինոստուդիան լինի, կինոն իրեն-իրեն կծնվի»

«Եթե կինոստուդիան լինի, կինոն իրեն-իրեն կծնվի»
28.11.2014 | 10:40

Կինոօպերատոր ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԸ ծնվել է 1930-ի սեպտեմբերի 9-ին՝ Թբիլիսիում: Սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում: «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատանքային գործունեույունն սկսել է 1956-ից: Նկարել է ավելի քան 30 ֆիլմ: Դեպի մեծ կինո տանող ճանապարհը խորդուբորդ է եղել: Ասում է` եթե ճանապարհը հարթ լիներ, գուցե կինո նկարել սովորեր, բայց ինքը արվեստ է ստեղծել:

«ՖԻԼՄԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՍԱՎԱՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԻ, ՈՐ ՏԵՍՆԵՄ` ՏԱԿԸ ՄԱՐԴ ԿԱ՞»

-Պարոն Աթոյանց, ինչպե՞ս գրավեց Ձեզ կինոն:
-Երրորդ դասարանում էի, երբ դպրոց բերեցին կինոպրոյեկտոր, սավան կախեցին պատշգամբի տակ: Ցուցադրում էին «13» համր ֆիլմը: Ապշել էինք: Ֆիլմի ավարտից հետո սավանը բարձրացրի, որ տեսնեմ՝ տակը մարդ կա՞, լավ, բա ձիե՞րը ոնց են բերել: Այդպես վարակվեցի կինոյով:
-Ինչո՞ւ ընտրեցիք օպերատորությունը:
-Ասեմ՝ ինչու օպերատոր դարձա: Մեր փողոցում «Պեպոն» էին նկարահանում, տեսա գլխարկով մարդը նստած է մեծ ապարատի մոտ, գոռգոռում է, հրամաններ տալիս: Մի խեղճուկրակ մարդ էլ կար նկարահանման հրապարակում: Ռեժիսորը նա էր: Տեխնիկայի հետ գործ ունենալն ավելի դուր եկավ ինձ, ու օպերատոր դարձա: Ինչ դարձա՝ դարձա, գոհ եմ իմ կյանքից: Ես երջանիկ մարդ եմ:
-Ասում են` այն ժամանակվա Թբիլիսին հայկական քաղաք էր, հայերենն էր հնչում ամենուր:
-Ճիշտ է, 1978-ի հեռախոսային գիրքը ցույց տամ` 70 տոկոսը հայերի համարներ են: Թբիլիսին Ռուսական կայսրության քաղաքն էր, Կովկասի կենտրոնը: Հայ կապիտալիստներն էին (այն ժամանակ երկիր չունեինք, ռուս կապիտալիստներ էին) կառուցում: Առայսօր շենքերի շքամուտքերի վրա կարելի է տեսնել բրոնզագույն տառերով գրված «Բարի գալուստը»: Դրանք հնանում են, պիտի քանդեն, մենք ո՞նց քանդեցինք Աբովյանը, Ամիրյանը, նրանք էլ քանդում են, նոր քաղաք են ստեղծում: Ասում ենք` մեր շենքերը քանդում են:
-Հայ կինոյի ջատագովները, նրանց թողած ժառանգությունը գնահատվո՞ւմ են ինչպես հարկն է:
-Դմիտրի Քեսայանցը նույնիսկ վաստակավորի կոչում չստացավ: Նրա «Տերն ու ծառան» դասական գործ է: Նույնը Արման Մանարյանը, որ մեր մյուզիքլի հիմնադիրն է, «Հեղնար աղբյուրի», «Տժվժիկի» բեմադրող ռեժիսորը լինելուց զատ:
-Բայց կան մարդիկ, որ ստանում են կոչումներ։
-Ասեմ` ում են տալիս… Չասեմ, լավ, անհարմար է, անուններն էլ չտամ:

«ՀԱՅՖԻԼՄԸ ԵԿԱՄՏԱԲԵՐ Է. ՄԻ ԼԱՎ ՖԻԼՄԸ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՆ Է ՆԱՅՈՒՄ»


- «Լավ» կամ «վատ» ֆիլմի չափանիշը փոխվե՞լ է:
-Մեր ժուռնալիստների համար, օրինակ, եթե ֆիլմը կառավարական պարգև է ստացել, ուրեմն լավն է, բոլորին գովում են:
-Կինոն վավերացնում է պատմությունը, կա՞ն թեմաներ, որ պետք է ֆիլմ դառնային, բայց դուրս են մնացել ուշադրությունից:
-Այնքա՜ն թեմաներ կան: Վրացիներն ասում էին՝ եթե ձեր պատմությունը ունենայինք, հանճարեղ ֆիլմեր կստեղծեինք մարդու մասին, մարդկային ճակատագրի: Ո՞Ւր են այդ ֆիլմերը: Երկրորդ աշխարհամարտում հայերս հսկայական ներդրում ենք ունեցել, 350 հազար զոհ ենք տվել: Բայց ֆիլմեր չունենք: «Զինվորն ու փիղը» միակ ֆիլմն է, որտեղ երևում է Հայրենական պատերազմում հայերի մասնակցությունը: Յուրի Երզնկյանը «Իմ ընկերոջ մասին» ֆիլմը նկարահանեց պատերազմի թեմայով: ՈՒզում եմ հիշել՝ էլի կա՞ նման ֆիլմ: Նույնն այսօր է: Արցախյան ազատամարտ ենք ունեցել, այդքան հերոսներ ենք կորցրել, իսկ ֆիլմեր չունենք: Կիսապրոֆեսիոնալ տղաներ կան, որ, շնորհակալություն իրենց, սիրողական մակարդակով նկարահանած, հին տեսանյութեր են հավաքում, կպցնում իրար, գոնե հիշում ենք այդ մարդկանց:
-«Թևանիկը» Արցախյան ազատամարտի մասին է, տարբեր կարծիքներ հնչեցին, նաև ասում էին` միակ ֆիլմն է այս թեմայով:
-Դա ուրիշ կինո է: Պրոպագանդում է արցախյան հերոսամարտը, ես դեմ չեմ, բայց արվեստի գործն ուրիշ բան է:
-Կինոգետները փաստում են, որ հայկական շատ ֆիլմեր արխիվում են մնացել, չեն հանրայնացվում: Ի՞նչն է պատճառը:
-Ավելի քան 500 ֆիլմ է նկարահանվել: «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ». էլ ո՛չ մի ֆիլմ չկա, ո՛չ ռեժիսորներին են հիշում, ո՛չ օպերատորներին, որ հիմնեցին «Հայֆիլմ» կինոստուդիան: Ինչ իրենց աչքի առաջ մնացել է, դա են ցույց տալիս:
-Խոսենք «Հայֆիլմից»։
-«Հայֆիլմը» թալանեցին, խլեցին մեր ձեռքից: Ես ասել եմ, որ «Հայֆիլմը» եկամտաբեր է: Մի լավ ֆիլմը ամբողջ աշխարհն է նայում, մեծ գումարներ է բերում: Հայաստանը կինոերկիր է. անապատ, սար, ծով 100 կմ-ի վրա է: Ամերիկացին անապատ նկարելու համար հասնում է Սահարա, մեր Նորադուզում, Արարատյան դաշտում անապատներ կարելի է նկարահանել, Սևանում` ծով, Շորժայի կողմից ափ չի երևում: Հետո արևը մեզ մոտ ավելի շատ է, քան աշխարհի այլ երկրներում: Ճանապարհները լավն են, ռեստորանները` լավը, քաղաքում հանգիստ է, որ ժամին ուզում ես` ման արի, շատ շահավետ տեղ է կինոյի նկարահանման համար:
-«Հայֆիլմ» կինոստուդիան զուգորդվում է նշանավոր վարպետների մի ամբողջ սերնդի հետ: Մենք այսօր նաև մասնագետների խնդիր չունե՞նք:
-«Հայֆիլմի» մեր վարպետներին Մոսկվան ուզում էր խլել, տուն էր առաջարկում, աշխատանք, չէին գնում: Իսկական հայ էինք այն ժամանակ: Բայց կինոստուդիան շատ կարևոր է, եթե մենք լավ ռեժիսոր չունենանք էլ, մի լավ ռեժիսոր Ֆրանսիայից, Թուրքիայից կարող է գալ` ֆիլմ նկարահանել: Ի վերջո, կարող են գումար ներդնել ֆիլմարտադրության մեջ:
-Ի՞նչ վիճակում են ստուդիան, Ձեր աշխատասենյակը, տեղյա՞կ եք, այցելե՞լ եք:
-Այո, ոտքով դուռը ջարդել են, մտել սենյակս: Սառնարանները տարել են, իսկ ես այնտեղ երշիկ չէի պահում, նեգատիվներ կային: Երբ նկարահանում էինք Համո Սահյանին, Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ես բոլոր կադրերը պահում էի: Երկու սառնարան լիքը կադրեր էին: Հիմա չկան: Ավերվել է ստուդիան: Առաստաղը կաթում է, պատերի գաջը թափվել է: Ես մինչև 2004-ը աշխատել եմ, այն ժամանակ գործող ստուդիա էր. քամի փչող ինքնաթիռներ կային, տաղավարներ, հաստոցներ, որ, երևի, որպես երկաթ են վաճառել: Եկող տարի պայմանագրի ժամկետը լրանում է, գուցե վերադարձնեն, բայց դատարկ ստուդիան ի՞նչ պիտի անենք: Հովանավոր պետք է գտնել:
-Լավ, իսկ ինչո՞ւ սեփականացրին, եթե պիտի քանդեին:
-Միայն դա չքանդեցին: Ֆիզիկայի ինստիտուտը քանդեցին, Գյուրզադյանի կենտրոնը, Հերունու կենտրոնը: Ինչո՞ւ քանդեցին: Մեր երկիրը ոնց որ ոսկոր լինի օտարների կոկորդում: Տասը հազար տարուց ավելի է՝ ուզում են վերացնել մեզ, չի հաջողվում, Աստված մեր կողմն է:

«ՄԱՆԹԱՇՈՎԸ ՓՈՂ ՉԷ՞Ր ՍԻՐՈՒՄ»


-Եղած ֆիլմը հանդիսատեսին հասցնելու խնդիր էլ ունենք: Ի՞նչ կասեք այս մասին:
-Կինոթատրոններ չկան: «Մոսկվա» կինոթատրոնը Կինոյի տան դերն է կատարում: Կինոտուն էլ չկա, երեք սենյակ է մնացել: Մի կիսատ-պռատ կինո «Նաիրի» էլ ունենք, հյուրասենյակն էլ վերցրել են, հետևի կողմից ենք բարձրանում վերև, որ իջնենք կինոդահլիճ: Դա անաստվածություն է, մի կինոտուն է, հետ տվեք, էլի, ուրիշ տարածք չկա՞: Մի քիչ ազգ սիրող եղեք, հասկացանք` փող, փող: Մանթաշովը փող չէ՞ր սիրում: Բա ինչի՞ արձանը դրեցին, Հրանտ Վարդանյանի արձանն էլ կդնեն, Լևոն Հայրապետյանինն էլ, որ ամեն ինչ ուզում է անել հայրենիքի համար: Ռուսաստանում նրան տանջում են:
-Եկել հասել ենք այստեղ, և ունենք այն, ինչ ունենք: Ի՞նչ է պետք հայ կինոյի վերածննդի համար:
-Կոնսերվատորիան եթե չլինի, երաժիշտները կգնան Ֆրանսիայում, Մոսկվայում կսովորեն, հետ կգան: Բայց օպերային թատրոնը պետք է, «Արամ Խաչատրյան» համերգասրահը պետք է: Կինոստուդիան էլ եթե լինի, կինոն իրեն-իրեն կծնվի:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
(շարունակելի)

Լուսանկարներ

. .
  • «Արփա - Սևան»
  • «Զինվորն ու փիղը»
  • «Մորգանի խնամին», նկարահանման պահին
  • «Աքսորական   № 011»
  • «Տժվժիկ»
Դիտվել է՝ 2910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ